5 նոյեմբերի 2004 - 22:36 AMT
ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. «ԴԱՇԻՆՔԸ ՄՏԱԴԻՐ ՉԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
«ՆԱՏՕ-ն մտադրություններ, պլաններ կամ ծրագրեր չունի իր ռազմակայանները Հարավային Կովկասի ցանկացած երկրի տարածքում տեղակայելու ուղղությամբ: Ոչ մի փաստաթուղթ, որը վկայում է նման մտադրությունների մասին ՆԱՏՕ-ն չունի, եւ չի ունենա»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերը` Երեւանի պետական համալսարանի ուսանողա-դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` Դաշինքը նաեւ մտադիր չի զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Նշելով, որ ՆԱՏՕ-ն չի մրցակցում Հարավային Կովկասում ոչ մի երկրի կամ կազմակերպության հետ, Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է. «Մենք գործընկերներ ենք փնտրում, կապեր ենք հաստատում բոլոր երկրների հետ, որոնք կարող են անմիջական օգնություն ցուցաբերել գլոբալ այնպիսի նպատակներին հասնելու գործում` ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման խոչընդոտումը»: Նրա խոսքերով` ոչ մի պետություն կամ կազմակերպություն ի վիճակի չի մենակ պայքարել այդ մարտահրավերների դեմ: «Դրան ընդունակ չի ո'չ ՆԱՏՕ-ն, ո'չ ԱՄՆ, ո'չ Ռուսաստանը եւ ո'չ էլ Հայաստանը: Անհրաժեշտություն կա գործընկերության եւ փոխգործակցության»,- նշել է Սխեֆֆերը: Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներին` Դաշինքի ղեկավարը նշել է, որ տեղյակ չի Հայաստանի նման պլանների մասին: Սակայն, նրա խոսքերով` «Դա չի խանգարում Հայաստանին պատրաստվելու շատ կարեւոր քայլի` ՆԱՏՕ-ի հետ Անհատական համագործակցության պլանի պատրաստմանը եւ ներկայացմանը, ինչպես նաեւ Կոսովոյում խաղաղարար գործողություններին հաջող մասնակցությանը»: Խոսելով Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններին` Սխեֆֆերը մատնանշել է, որ նրանք չեն խանգարում երկրին Ռուսաստանի գործընկերը լինել, ինչպես նաեւ Ռուսաստանին` Դաշինքի հետ հաջող համագործակցել: Այդ հարցում չկա ոչ մի մրցակցություն,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: