18 հուլիսի 2012 - 11:56 AMT
Է. Շարմազանով. Ուրախալի է ռուս գործընկերների մասնակցությունը ԼՂՀ նախագահի ընտրություններին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությանը, որը հուլիսի 18-ին Երևանից մեկնելու է ԼՂՀ` դիտորդական առաքելությամբ մասնակցելու այստեղ կայանալիք նախագահական ընտրություններին:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ փոխնախագահը նշեց, որ ուրախալի փաստ է ռուսաստանցի գործընկերների այցը Հայաստան և նրանց սպասվելիք մասնակցությունը ԼՂՀ ղեկավարի ընտրություններին: Նա համոզմունք հայտնեց, որ պատվիրակության անդամները, լինելով Ղարաբաղում, տեղում կհամոզվեն` արցախցիները, կերտելով անկախ պետություն, հիմնվում են ժողովրդավարական արժեքների վրա, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, դարեր շարունակ հայ-ռուսական հարաբերությունները եղել են բարեկամական, և այսօր երկու երկրները ոչ միայն ռազմավարական, այլ նաև դաշնակցային գործընկերներ են: Ըստ նրա` երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով` տնտեսական, քաղաքական, հումանիտար, մշակութային, այլ: ԱԺ փոխնախագահը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման գործընթացում մեծապես կարևորեց միջխորհրդարանական սերտ կապերի եղած ավանդույթների զարգացումը:

Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Բալբերովի խոսքով, ով դիտորդ է եղել նաև ՀՀ Ազգային ժողովի` մայիսին կայացած ընտրությունների ժամանակ և տպավորված է դրանց բարձր մակարդակով անցկացմամբ, իրենց ներկայիս այցը նախևառաջ պայմանավորված է այն համոզմամբ, որ միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր լուծել ցանկացած, այդ թվում` ԼՂ հակամարտությունը: Ըստ նրա` հակացուցված են արտաքին, առավել ևս ռազմական միջամտությունները: «Ժողովուրդն ինքը պետք է որոշի որ երկրում ապրի, ով իրեն ղեկավարի, ինչ ճանապարհով զարգանա»,-ասաց Ալեքսանդր Բալբերովը` համոզմունք հայտնելով, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները կլինեն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության ևս մեկ դրսևորում:

Պատգամավոր Իվան Սուխարևը(ՌԼԴԿ) ևս ընդգծեց հայ-ռուսական ջերմ, բարեկամական հարաբերությունները, և որպես քաղաքականության մեջ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ նշեց, որ պետք է նոր նախաձեռնություններով ու ծրագրերի իրականացմամբ ամրապնդել եղած դաշնակցային կապերը:

Հանդիպմանը մասնակցող ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով` ԼՂՀ նախագահի ընտրություններին ՌԴ պետդումայի պատգամավորների` որպես դիտորդ մասնակցության որոշումը խիզախ և գնահատելի քայլ է, քանի որ Ադրբեջանը ոչ համարժեք գնահատականներ է տալիս նման դիրքորոշմանը: Այս երկրի այդպիսի կեցվածքը նա որակեց անհեռատես և սխալ, քանի որ, որպես դրա արդյունք, նորանոր մարդիկ են հետաքրքրվում ԼՂՀ ճակատագրով` ձգտելով տեղում անձամբ ծանոթանալ իրավիճակին, արցախցիների կյանքին: Ըստ Արտակ Զաքարյանի` ԼՂՀ նախագահի առաջիկա ընտրությունները ևս մեկ ցուցանիշ են, որ Արցախն ընթանում է ժողովրդավարության ուղով: Նա կարևորեց նաև համատեղ ջանքերով տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը, ինչին մեծապես կարող են նպաստել խորհրդարանականների պարբերական, նպատակային շփումները:

ՌԴ Հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, ով ներկայացնում է նաև Ռուսաստանի Միջազգային իրավունքի ընկերակցությունը, նշեց, որ իր համար միջազգային իրավունքի տեսանկյունից ղարաբաղյան հիմնախնդիրը միանշանակ լուծում ունի` յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորաշման իրավունք: «Այստեղ երկրորդ կարծիք պարզապես չի կարող լինել»,-ընդգծեց նա: Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, համատեղ ջանքերը հարկ է ուղղել նաև նրան, որ այս մոտեցումը փոխանցվի ու դառնա քաղաքացիական հասարակության համոզմունքը: Դենիս Դվորնիկովի խոսքով`պատմական աղավաղումների դեմ և ճշմարտության ու արդարության վերականգնմանն ուղղված պայքարում մեծ դերակատարում ունեն նաև քաղաքացիական կառույցները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց աշխուժացնել նման կառույցների համագործակցությունը:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: