8 նոյեմբերի 2004 - 19:35 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԽՎ ՍԵՄԻՆԱՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ
Հայկական կողմը մտադիր է մասնակցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Բաքվում կայանալիք «Ռոուզ-Ռոդ» խորհրդաժողովին: Այսօր այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել խորհրդարանի պաշտպանության հարցերի, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքերով, պատվիրակության կազմում իրենից բացի կընդգրկվեն Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսան Կարապետյանը եւ Արթուր Պետրոսյանը:
Նա նաեւ նշել է, որ խորհրդաժողովի կազմակերպիչներն արդեն տեղեկացված են այդ մասին, իսկ վիզաները հայ պատգամավորները կստանան Բաքու ժամանելուն պես: Հիշեցնենք, որ խորհրդաժողովը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 26-28-ը եւ Ադրբեջանի որոշ կուսակցություններ ու կազմակերպություններ, մասնավորապես, Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը հանդես են եկել խորհրդաժողովին հայկական պատվիրակության մասնակցության դեմ: Հիշեցնենք նաեւ, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին ադրբեջանական իշխանությունները խոչընդոտեցին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին, որոնք պետք է անցկացվեին Բաքվում, սակայն հենց այդ պատճառով չեղյալ հայտարարվեցին դաշինքի ղեկավարության կողմից: