13 մարտի 2003 - 21:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՈՎ
Հայաստանի ընդդիմական ուժերը մտադիր են մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական դաշինքով: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) մամլո քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը: Նրա խոսքերով, դաշինքի ձեւաչափը կորոշվի մարտի 14-ին կայանալիք ընդդիմության ներկայացուցիչների նիստում: Ուժերի հարաբերակցությունը ընդդիմադիր դաշինքի կուսակցական ցուցակներում կորոշվի դաշինքի կազմի մեջ մտնող քաղաքական ուժերի միջեւ բանակցությունների արդյունքում: Ի դեպ ՀԺԿ-ն արդեն կողմնորոշվել է «առաջին համարի» առնչությամբ` դա նրա առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն է: Մամլո քարտուղարը ընդգծել է, որ ներկայումս ընդդիմությունը հայտ է ներկայացնում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով, սակայն եթե երկրում քաղաքական իրավիճակը չփոխվի, ընտրական ինստիտուտներն անգործության մատնվեն, այնպես, ինչպես դա տեղի է ունեցել նախագահական ընտրությունների ընթացքում, ապա ընդդիմությունը կարող է բոյկոտ հայտարարել խորհրդարանի ընտրություններին: