27 հուլիսի 2012 - 13:55 AMT
ԲՀԿ փոխնախարարներն ու փոխմարզպետները հրաժարվել են իրենց պաշտոններից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախարարներն ու փոխմարզպետները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ հրաժարվում են իրենց լիազորություններից, հաղորդում է ԲՀԿ մամլո ծառայությունը:

«2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում»,-ասվում է հայտարարությունում:

Հայտարարության տակ ստորագրել են ԱԻ փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը, ՏԿ փոխնախարար Ռուբեն Սինոյանը, Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը, Լոռու փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը, Արագածոտնի փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը: ԾՂ