27 հուլիսի 2012 - 20:09 AMT
«Արմավիան» պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է չվերթներ իրականացնել Սիրիա

Կապված Սիրիայում իրադրության սրման և այն բանի հետ, որ բոլոր եվրոպական ավիաընկերությունները, ներառյալ համաշխարհային ավիահսկաներ Air France, Աէրոֆլոտ, Alitalia և այլ ընկերություններ հրաժարվել են չվերթներ կատարել Սիրիա, ինչպես նաև հասարակական կարծիքը շահարկելու համար ոչ ճշգրիտ տեղեկատվությունն օգտագործելու` որոշ հասարակական կազմակերպությունների փորձերի հետ, «Արմավիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ պատրաստ է շարունակել չվերթների իրականացումը Սիրիայի ուղղությամբ:

«Տարածաշրջանը լքել ցանկացող մեր հայրենակիցներին դուրս բերելու նպատակով, չնայած ռիսկերին և նշված ուղղությամբ չվերթներից ձեռնպահ մնալու վերաբերյալ միջազգային խորհրդատվություններին, «Արմավիան» պատրաստ է շարունակել չվերթների իրականացումը Սիրիայի ուղղությամբ»,- ասվում է ավիաընկերության պաշտոնական հայտարարության մեջ:

Բացի այդ, ավիաընկերությունը պատրաստ է նաև ՀՀ կառավարության համապատասխան աջակցության դեպքում լրացուցիչ չվերթներ բացել Սիրիա: