13 մարտի 2003 - 21:41 AMT
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Մի խումբ ուկրաինաբնակ հայեր օրերս նամակ են հղել Ուկրաինայի Գերագույն ռադային` խնդրելով Ուկրաինայի հայկական սփյուռքն ընդգրկել պետական աջակցության եւ պաշտպանության կարիք ունեցող ազգային փոքրամասնությունների ցուցակում: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, Եվրախորհրդին անդամակցելիս Ուկրաինան պարտավորվել է վավերացնել ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող Եվրոպական խարտիան, որի համաձայն Ուկրաինայի 13 ազգային փոքրամասնությունների գործունեությունը կլինի պետության հովանավորության տակ: Ուղերձում ուկրաինաբնակ հայերը ընդգծել են, որ օրինագիծը խախտում է շատ էթնիկ խմբերի իրավունքները, քանի որ այնտեղ չեն հիշատակվում հայերը, թաթարները, վրացիները եւ այլ ազգային փոքրամասնություններ: «Ուկրաինայում բնակվում է ավելի քան 100 հազար հայ, լրացել է Լվովի հայկական եկեղեցու 800-ամյակը: Մենք գտնում ենք, որ Ուկրաինան պետք է պետական պաշտպանության տակ վերցնի մեր լեզուն եւ մշակույթը», - ասվում է նամակում: