2012թ առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել է անչափահասների 187 հանցագործություն` 2011-ի նույն ժամանակահատվածի 255-ի դիմաց: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Ըստ նրա, կրճատվել է նաև հանցագործություն կատարած անչափահասնեևրի թիվը` 2011-ի 217-ի դիմաց այս տարի այդ թիվը կազմել է 184:
Ինչ վերաբերում է հանցագործությունների առանձին տեսակներին, ապա, ըստ Դուրյանի, այս տարի ավելացել է միայն այն հանցագործությունների թիվը, որոնք կապված են ապօրինի զենք կրելու հետ` նախորդ տարվա 1-ի դիմաց այդ ցուցանիշն այս տարի դարձել է 8: Ավելավել է նաև անչափահասների նկատմամբ բռնությունների թիվը` 2011-ի 83-ի դիմաց այս տարի այդ ցուցանիշը կազմել է 108:
Դրական միտումների թվում Դուրյանը նշել է նաև հաշվառման մեջ գտնվող տարբեր իրավախախտումներ կատարած անչափահասների թվի կրճատումը` այս տարի 382 մարդ: Այս առնչությամբ նա նկատել է, որ առկա է հաշվառման մեջ գտնվող անչափահասների թվաքանակի նվազում, ինչպես նաև նշել է, որ նախկինում հաշվառված էին հազարավոր անչափահասներ: Ըստ նրա, այս հարցում կարևոր դեր են խաղացել 10 մարզային վերականգնողական կենտրոնները, որտեղ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետներ են աշխատում նրանց հետ և նրանք չեն հաշվառվում;
Դուրյանն ընդգծել է, որ անչափահասների հանցագործությունների հետ կապված խնդիրները գտնվում են ՀՀ ոստիկանապետի և Գլխավոր քննչական վարչության ուշադրության կենտրոնում և որ այս տարի նրանք այդ ոլորտում կիրականացնեն մի շարք միջոցառումներ` հիմնվելով նոր մեթոդիկաների և հանցագործությունների պրոֆիլակտիկայի վրա:
Դուրյանը նաև չի համաձայնել այն պնդման հետ, որ այս ոլորտում հիմնական հանցագործությունների պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են: Ըստ նրա, սոցիալ-տնտեսական պատճառները կարևոր դեր են խաղում, սակայն գլխավոր խնդիրը ընտանիքներում երեխաների դաստիարակությունն է: Որպես իր խոսքերի ապացույց, նա նշել է, որ հանացագործություններ կատարում են նաև ապահովված ընտանիքների երեխաներ: