31 հուլիսի 2012 - 18:22 AMT
Հայկական ձուկը իր գնով չի կարող մրցակցել ռուսական շուկայում Թուրքիայի և Նորվեգիայի արտադրանքի հետ

Այսօրվա դրությամբ Հայաստանում արտադրվող ձկնաբուծական արտադրանքի հիմնական իրացման շուկան Ռուսաստանն է, սակայն այստեղ տնտեսվարող սուբյեկտները հանդիպում են որոշակի արգելքների: Այս մասին հուլիսի 31-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հայ ձկնաբույծների միավորման գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: «Մենք չենք կարող գնային առումով մրցակցել ձկնային արտադրանքի հետ, որը ռուսական շուկա է ներմուծվում Թուրքիայից և Նորվեգիայից»,-ասել է նա:

Միաժամանակ, ըստ մասնագետի, հարևան Վրաստանը գնում է հայկական ձկնարտադրանքը դրա բարձր որակի համար, սակայն այդ գործընթացը կայուն և զանգվածային բնույթ չի կրում:

Արթուր Աթոյանը այս խնդրի լուծումը տեսնում է ձկնաբուծության ոլորտում աշխատող տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ, սակայն այս ոլորտը բավականին ռիսկային է: Մասնավորապես, ըստ նրա, բանակցություններ են տարվում, որպեսզի աջակցություն տրամադրվի ՀՀ կառավարության կողմից, ինչպես նաև, որպեսզի կոմբանկերի կողմից տրամադրվող վարկերն ավելի ցածր տոկոսադրույքով տրամադրվեն: