
Արցախում նախագահական ընտրությունների գլխավոր արդյունքը դարձավ ազգային գաղափարի կողմնակիցների դիրքերի ամրապնդումը, ինչը տեսանելի է Վիտալի Բալասանյանի հավաքած քվեների առումով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, անցած ընտրությունների կարևոր գործոններից է այն, որ ձայների գրեթե մեկ երրորդը ստացավ քաղաքական և պետական գործիչ, զինվորական, դաշնակցական Բալասանյանը, թեև ՀՅԴ-ն որպես կուսակցություն, ելնելով սեփական պատճառներից, չսատարեց Բալասանյանին: «Հայաստանի մի հատվածում՝ Արցախում ընտրազանգվածի մի մասը, 35 տոկոսը,. մոտավորապես մեկ երրորդը, հստակ կողմ է արտահայտվել ազգային գաղափարին… ԼՂՀ ընտրությունների արդյունքում ուժեղացան «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսի կողմնակիցների դիրքերը»,-նշել է Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի, վերջերս Հայաստանում սկսել են բացահայտորեն խոսել փոխադարձ զիջումների անհրաժեշտության մասին, «ինչ-ոչ անհասկանալի փոխզիջման մասին»: Շիրինյանն այդ առնչությամբ նշել է, որ «Հայաստանի դեպքում դա ոչ թե փոխզիջում կլինի, այլ զիջում»:
Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:
Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:
Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: