2 օգոստոսի 2012 - 17:24 AMT
Մարալիկ քաղաքի սոցիալապես անապահով երեխաներին բնակարան կտրամադրվի

ՀՀ կառավարությունը օգոստոսի 2-ին որոշել է ստեղծել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ նորաստեղծ կազմակերպությունը կիրականացնի նախարարությանը հանձնված սոցիալական բնակարանների պահպանման, շահագործման, սոցիալական բնակարանային ֆոնդում ներառված շենքերում բնակվելու իրավունք ունեցող անձանց` սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բուժօգնության, իրավունքների և շահերի պաշտպանության ծառայությունների մատուցումը։ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սոցիալական տան կազմակերպական և ծառայությունների մատուցման ծախսերի համար հատկացվել է 11.388.4 հազար դրամ։

«Մի կողմից` մենք ունենալու ենք պատասխանատու մարմին, ի դեմս նախարարության կողմից ստեղծված նոր ձեռնարկության, որն ամբողջությամբ համակարգելու է այդ աշխատանքները և սոցիալական բնակարանային ֆոնդի շահագործման հետ կապված խնդիրները, մյուս կողմից էլ` արդեն այն բնակարանները, որոնք հանձնվել են նախարարությանը, արդեն հնարավոր կլինի տրամադրել երեխաներին, ովքեր երկար ժամանակ է` սպասում են այդ բնակարաններին»,-ընդգծել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Այս առնչությամբ նա ընդգծել է. «Մենք այս տարի և մյուս տարի ևս մի քանի շենք ստանալու ենք Մարալիկում, և 2 տարվա ընթացքում այս խնդիրն զգալիորեն կհաղթահարվի»: