6 օգոստոսի 2012 - 11:25 AMT
Թալինի քաղաքապետի ընտրություններին հաղթում է ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանը

Ինչպես հաղորդում են մի շարք հայկական ԶԼՄ-ներ, ըստ նախնական տվյալների, Թալինի քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթել է իշխող ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանը, ով ստացել է 1217 քվե:

Երկրորդ հորիզոնականում է ՀՀԿ մեծամասնական-պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի աջակցությունը վայելող անկուսակցական Որոշ Խաչատրյանըէ, ով հավաքել է 840 ձայն: 3-րդ տեղում է ԲՀԿ թեկնածու Վազգեն Խաչատրյանը, ով ստացել է 817 քվե:

Հարկ է նշել, որ Որոշ և Վազգեն Խաչատրյանների ներկայացուցիչները հայտարարել են ընտրության ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների մասին:

Ինքնաառաջադրված, անկուսակցական Գագիկ Կարապետյանի օգտին քվեարկել է 190 մարդ, իսկ Էդվարդ Գրիգորյանի` 28: Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների, 5230 գրանցված ընտրողներից, քվեարկությանը մասնակցել է 3369 մարդ: Հարկ է նշել, որ PanARMENIAN.Net –ին առայժմ չի հաջողվել կապ հաստատել ՀՀ ԿԸՀ հետ` ընտրությունների պաշտոնական տվյալները ստանալու համար:

Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, ինչ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքապետ Մնացական Մնացականյանը ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր և անմիջապես վայր է դրել քաղաքապետի լիազորությունները: