
Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է VI դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը: Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև: Հիմնադրամը հաղորդում է, որ վերականգնումը կատարում է «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությունը, որը մայիսին ճանաչվեց մրցույթի հաղթող:
Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ. բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմնահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար`կարմրավուն անդեզիտաբազալտը:
Առավել պատասխանատու աշխատանքները կկատարեն «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությանս փորձառու վերականգնողները, իսկ որպես քարտաշներ և բանվորական ուժ` կներգրավվեն Օձունի և տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Խորհրդատվության համար կապալառու ընկերությունը կհրավիրի իտալացի ճարտարապետների և ճարտարագետների:
«Մինչև տարեվերջ նախատեսում ենք վերականգնել երկկամար կոթող-հուշարձանը և անցնել եկեղեցու գմբեթին», - տեղեկացրեց «ԼևԳուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը: Ըստ նրա` բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է վերականգնումն ավարտել 18 աշխատանքային ամիսների ընթացքում`տարեկան 6 ամիս, երբ շրջակա օդի ջերմաստիճանը կգերազանցի 8 աստիճանը: Ղուկասյանն ընդգծեց, որ Օձունի վանքի վերականգնումը կընթանա խստագույնս համապատասխան նախագծի, որը արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի և Հայ Առաքելական եկեղեցու հավանությանը, այնուհետև հաստատվել մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից:
Աշխատանքների հեղինակային հսկողությունն իրականացնում է «Սերվետ» ՍՊԸ-ն` նախագծի հեղինակ, ճարտարապետ Միշա Հակոբյանի գլխավորությամբ, իսկ տեխնիկական վերահսկողությունը` «Շինսերտիֆիկատ» ընկերությունը:
Հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը պետության, Հայ Առաքելական եկեղեցու և մասնավոր ձեռներեցության համագործակցության առաջին նախադեպն է:
«ԼևԳուկ» ՓԲԸ 1999 թվականից իրականացրել է հետևյալ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները` Մարմաշենի Կաթողիկե, Աշտարակի Կարմրավոր, Օշականի 40 Մանկանց Սուրբ Սիոն, Ուշիի Սուրբ Սարգիս, Կոշի Սուրբ Ստեփանոս, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես, Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցիները: