6 օգոստոսի 2012 - 13:32 AMT
Քննարկվել է Գյումրիում սեյսմիկ տատանումները գրանցող ճապոնական համակարգ տեղադրելու հարցը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց, որ փրկարար ծառայության հետ համատեղ քննարկվել է Գյումրիում սեյսմիկ տատանումները գրանցող ճապոնական համակարգ տեղադրելու հարցը, իսկ Գառնիի դիտարանի զարգացման ծրագիրը մշակվել և քննարկման համար ուղարկվել է շահագրգիռ կազմակերպություններին։ Խորհրդակցության ժամանակ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նախարարին զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ պատահարների, սեպտեմբերին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» վարժանքի նախապատրաստական և քաղպաշտպանության պլանների մշակման աշխատանքների մասին։

ԱԻ նախարարը հանձնարարեց քաղպաշտպանության պլաններում ուշադրություն դարձնել հանրային իրազեկման և վաղ ազդարարման խնդիրներին։