6 օգոստոսի 2012 - 14:27 AMT
Fitch-ը վարկերի հավելաճի ամենաբարձր տեմպերը կանխատեսում է Հայաստանում

Աշխարհում վարկավորման աճի տեմպերը դանդաղել են` 2010-ի 5 տոկոսից դառնալով 4 տոկոս 2011-ին և 2012-ին կհասնեն 3 տոկոսի, կանխատեսում է Fitch Ratings գործակալությունը. «Զարգացած շուկաներում ցուցանիշներն անկում են ապրում, բոլոր զարգացող տարածաշրջաններում տեղի է ունենում դանդաղեցում»:

ՀՆԱ-ի նկատմամբ վարկերի հարաբերակցությունը վերջին տարիներին կայունացել է. զարգացած շուկաներում` 160 տոկոսի մակարդակում, իսկ զարգացող` շուրջ 50 տոկոսի: Պարտքերի կուտակման արագության նվազումը լավ ցուցանիշ է, դա ֆինանսական ռիսկերի փոքրացում է, նշում են Fitch վերլուծաբանները:

Վարկերի հավելաճի ամենաարագ տեմպերը նախկինի նման նկատվում են Ասիայի երկրներում` 2011-ին 11 տոկոս և ըստ կանխատեսման 2012-ին 9 տոկոս, Լատինական Ամերիկայում` համապատասխանաբար 10 և 15 տոկոս, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում` 7 և 5 տոկոս: Ամենացածր ցուցանիշները (3 տոկոսից ցածրք) ցուցադրում են Արևմտյան և Հարավային Եվրոպայի երկրները: Fitch-ը հավելաճի ամենաբարձր տեմպերը կանխատեսում է Հայաստանում (21.3 տոկոս), Լեսոտոյում (19 տոկոս), Չինաստանում (18 տոկոս), Ադրբեջանում (15.7 տոկոս) և Զամբիայում (15,4 տոկոս):

Վարկավորման բարձր տեմպերը կարող են լինել տնտեսության արագ աճի ցուցանիշ կամ հիվանդության ախտանշան, գրում է Fitch-ը:

Fitch-ը բարձր ռիսկերի խմբին է դասել Արգենտինան, Հոնկոնգը, Ինդոնեզիան, Կիպրոսը, Չինաստանը, Թուրքիան և Շրի Լանկան, որտեղ վարկավորման աճի տեմպերը 2011-ին կազմել են 14-32 տոկոս: