16 դեկտեմբերի 2004 - 22:37 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
1991-1992 թվականներին հայաբնակ Գետաշեն եւ Շահումյանի շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչներն ընդդեմ Ադրբեջանի հայց-գանգատով դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Դա արվում է «Շահումյան-Գետաշեն բարեգործական միության» նախաձեռնությամբ: Հայցում, մասնավորապես, կվիճարկվեն այդ տարածքներից բռնի տեղահանված բնակիչների սեփականության պաշտպանության իրավունքի հարցերը: Հիշեցնենք, որ Հյուսիսային Արցախի հայաբնակ Գետաշենի ենթաշրջանի բնակիչները 1991 թվականին բռնի տեղահանվել են եւ մասամբ էլ ոչնչացվել են խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ «Օղակ» օպերացիայի ընթացքում: Օպերացիայի նպատակներից մեկն էր «սարսափեցնել» հայերին, որոնք ընտրել էին ԽՍՀՄ-ից անկախանալու ուղին եւ «խրախուսել» խորհրդային իշխանություններին հավատարիմ ադրբեջանցիներին: Խորհրդային բանակի կողմից Գետաշենի «մաքրումը» սկսվել է մայիսի 1-ին: Բերենք մի հատված 1991 թվականի մայիսի 4-ին Գետաշենի բնակիչների կողմից ուղարկած հեռագրից. «Խորհրդային բանակը ոչնչացնում է մեզ... Երկնքից մեզ գնդակոծում են ուղղաթիռները, ներքեւում ճնշում են տանկերը, մեր տներից եւ բակերից կանանց, երեխաներին եւ ծերերին պատանդ են վերցնում ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները, կոտրում են նրանց ձեռքերը, ոտքերը եւ կողերը, հանում են գանգամաշկը եւ դանակահարում: Մենք դիմացել ենք երեք տարի, սակայն խորհրդային բանակին մենք չենք կարող դիմակայել, մեր ամուսինները անզոր են մեզ պաշտպանել որսորդական հրացաններով, բանակը մեզ կոչնչացնի` ստիպելով ճանաչել Ադրբեջանի իշխանությունը, կամ հեռանալ հայերենի գյուղից: Սակայն նույնիսկ փախչել չեն թողնում` կրակում են»: Ներկայումս Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ Շահումյանի շրջանի բնակիչները տեղահանվել են իրենց տներից 1992 թվականին, այն բանից հետո, երբ կաշառված ռուս գեներալների օգնությամբ ադրբեջանցիները կարողացան գրավել այդ շրջանը: «Օղակ» օպերացիայի մանրամասնություններին կարող եք ծանոթանալ www.sumgait.info կայքից: