Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 50 հասցեում շինարարական աշխատանքների հետ կապված PanARMENIAN.Net-ի թղթակիցը հարցում էր ուղարկել Քաղաքաշինության նախարարություն, որտեղից պատասխանել են, որ նշված հասցեում շինարարական աշխատանքներ չեն կատարվում: Նախարարությունից տեղեկացնում են, որ իրավիճակը պարզելու նպատակով քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները տեղզննում են կատարել տվյալ վայրում: Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, պարզապես տեխնիկական սպասարկման օբյեկտի հետնամասում կուտակված է շինանյութ, որը մաքրվում է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Էրեբունու վարչական շրջանի բնակիչ Վարդան Համբարձումյանը ահազանգ էր տարածել, որ Նոր Արեշ 50 հասցեում գտնվող մանկական այգում շինարարական աշխատանքներ են: Քաղաքացին տեղեկացրել էր, որ մանկական այգին զավթել են և այդ տարածքում «մոյկա» և «վուլկանիզացիա» են կառուցում: Ահազանգից մեկ օր անց էլ նա տեղեկացրել էր, որ այգու մասին բարձրաձայնելու համար ինքը սպառնալիքներ է ստանում: