Վրաստանում և Հարավային Օսեթիայում նշում են 2008-ի պատերազմի չորրորդ տարելիցը: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Վրաստանի ողջ տարածքում օգոստոսի 7-ին և 8-ին կիջեցվեն պետական դրոշները: Ինչպես ասվում է նախագահի աշխատակազմի մամլո հաղորդագրությունում, դրոշները կիջեցվեն ի հիշատակ 2008-ի օգոստոսի պատերազմի զոհերի:
Իր հերթին Հարավային Օսեթիայի նախագահի պետական խորհրդական Ժաննա Զասեևան հաղորդել է, որ միջոցառումները կսկսվեն օգոստոսի 7-ին ժամը 22:00-ին «Գնդակահարված նկարների ցուցահանդես» ակցիայով, որը տեղի կունենա Ցխինվալի կենտրոնում` Թատերական հրապարակում: Այնուհետև տեղի կունենա «Ամեն ինչ հիշելու ենք» ակցիան:
Վրացական ու հարավօսական զորքերը տարբեր ինտենսիվության գնդակոծություններ սկսեցին 2008թ. հուլիսին: Օգոստոսի 7-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին դադարեցնել կրակը, սակայն, դա չարվեց: Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Ցխինվալի զանգվածային գնդակոծությունը: Մի քանի ժամից հարձակման անցան վրացական զրահատեխնիկան ու հետևակը: Ցխինվալի վրա հարձակման պաշտոնական առիթ հանդիսացավ, ըստ վրացական կողմի, հրադադարի ռեժիմի խախտումը Հարավային Օսեթիայի կողմից, որն իր հերթին, պնդում է, որ կրակն առաջինը բացել է Վրաստանը:
2008թ. օգոստոսի 8-ին հակամարտությանը պաշտոնապես միացավ Ռուսաստանը՝ վրացական կողմին խաղաղության պարտադրման գործողության շրջանակներում: Օգոստոսի 12-ին Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց գործողության հաջող ավարտի մասին, օգոստոսի 13-ին Աբխազիան պաշտոնապես հայտարարեց վրացական զորքերը Քոդորի կիրճից դուրս մղելու մասին, որից հետո ակտիվ գործողությունները կասեցվեցին:
2008թ. օոգոստոսի 14-16 հակամարտության մեջ ներքաշված պետությունների ղեկավարները ստորագրեցին հակամարտության կարգավորման պլանը: