7 օգոստոսի 2012 - 12:22 AMT
Ռուսաստանի ջավախահայությունը խնդրում է Շառլ Ազնավուրին հրաժարվել Ախալցխայի «Ռաբաթ» ամրոցի մզկիթի դիմաց ելույթ ունենալուց

Ռուսաստանի ջավախահայությունը դիմել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին` խնդրելով հրաժարվել Ախալցխայի «Ռաբաթ» ամրոցի մզկիթի դիմաց ելույթ ունենալուց:

Ռուսաստանի ջավախահայության դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է. «2011թ սկսվել են և արդեն գրեթե ավարտին են հասցվում Ախլցխայի «Ռաբաթ» ամրոցի վերակառուցման աշխատանքները: Դատելով վրացական ոչ հավաստի աղբյուրներից` ֆինանսավորումն իրականացվել է կենտրոնական, մասամբ` տեղական բյուջեներից, սակայն, ինչպես նշում է տեղի բնակչությունը, վերակաուցման աշխատանքներն իրականացվել են թուրքական գումարներով:

Ախալցխայի ամրոցի տարածքն ավելի քան 7հա տարածություն է զբաղեցնում:Այստեղ տեղակայված են ճարտարապետական հուշարձաններ, այդ թվում` մզկիթն ու մեդրեսեն, որոնք կառուցվել են 1752թ: Բացի մահմեդական մզկիթի վերակառուցումից, շինարարություն է իրականացվում նաև «Փաշայի պատի» և «Փաշայի բաղնիքների» վրա:

Ինչպես բազմիցս հաղորդել են որոշ վրացական ԶԼՄ-ներ, թուրք-վրացական զարտուղի բանակցությունների արդյունքում վրացական կողմն առաջադրել է պայման, այն է` Բաթումիում «Ազիզիե» մզկիթի շինարարության հետ մեկտեղ վերականգնել նաև Ախալցխայի «Ահմեդիե» մզկիթը: Փոխադարձ պայմանավորվածության համաձայն, այդ մզկիթին կշնորհվի պատմական հուշարձանի կարգավիճակ, բայց բացառված չէ, որ այն ձեռք կբերի ֆունկցիոնալ նշանակություն և հետագայում կլինի գործող:

Միաժամանակ, վերջերս վրացական ԶԼՄ-ները տարածել են տեղեկատվություն, որ ամրոցի բացման առիթով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ցանկություն է հայտնել ժամանել Ախալցխա և ելույթ ունենալ երաժիշտների մեծ խմբի հետ միասին: Ակամայից հռետորական հարց է ծագում. որքանով է տեղին թուրքական յաթաղանից փրկված գաղթականների հետնորդին ելույթ ունենալ վերանորոգված թուրքական մզկիթի առջև:

Մենք դիմում ենք Ախալցխայի պատվավոր քաղաքացի, մեր թանկագին Շառլ Ազնավուրին` խնդրելով վերանայել այդ որոշումը: Իսկ նախնիների հայրենիքում ելույթ ունենալու մեծ ցանկության դեպքում մենք համոզված ենք, որ հայկական «Սուրբ Նշան» եկեղեցու բակը ոչնչով չի զիջի, ինչն ավելի ճիշտ կընդունվի Սամցխե Ջավախեթի հայ բնակչության կողմից»: