25 դեկտեմբերի 2004 - 19:04 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՏԻՆԳԵՆՏՆ ԻՐԱՔ ԿՄԵԿՆԻ ԱՐԴԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 5-ԻՆ
Երեկ երեկոյան ժամը 10-ին Հայաստանի խորհրդարանի փակ նիստում ընդունվել է որոշում հայ զինվորական մասնագետներին Իրաք ուղարկելու մասին: Կողմ է քվեարկել է 91, դեմ` 23 եւ ձեռնպահ` մեկ պատգամավոր: Դեմ քվեարկել են ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը եւ իշխանամետ «Դաշնակցություն» կուսակցությունը: Մնացած խմբակցութունները, մասնավորապես, «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցությունը քվեարկել են «Իրաք կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին Հայաստանի միանալու օգտին: Այսպիսով` Իրաք կմեկնեն 46 հայ մասնագետներ` մեկ ընդհանուր հրամանատար, կապի մեկ սպա լեհական դիվիզիայի շտաբում, դասակի մեկ հրամանատար, երեք բժիշկ (սրտաբան, թերապեւտ, հոգեբույժ), տասը սակրավոր, երեսուն վարորդ: Հայաստանի բյուջեից վճարվելու է աշխատավարձ` 600 հազար դոլարի սահմաններում, իսկ մնացած ծախսերը հոգալու է ԱՄՆ հրամանատարությունը: Միեւնույն ժամանակ, հասարակական կարծիքի ուսումնասիրության Vox-populi կենտրոնի հարցման համաձայն` հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիների միայն 6 տոկոսն է դրական վերաբերվում հայ մասնագետների Իրաք ուղարկելուն, հարցման մասնակիցների 60 տոկոսը բացասական է վերաբերվում հարցի նման լուծմանը,իսկ 24 տոկոսի համար ամեն ինչ միեւնույն է: Այսուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերով` արդեն հունվարին հայ կոնտինգենտն արդեն կարող է մեկնել Իրաք: Բոլոր մեկնող մասնագետները կամավորներ են: Այս առնչությամբ հասարակության հիմնական մտավախությունները կապված են այն հանգամանքի հետ, որ արաբական երկրներում բնակվող հայկական սփյուռքը կարող է վտանգի ենթարկվել իսլամական ծայրահեղականների կողմից: