12 հունվարի 2005 - 22:05 AMT
ԸՍՏ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ` ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՕՂԱԿԱՁԵՎ ԱՐԱԳԸՆԹԱՑ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ Երեւանի նոր գլխավոր հատակագծի` նախատեսվում է մայրաքաղաքում ունենալ օղակաձեւ արագընթաց մայրուղի, որը թույլ կտա թեթեւացնել քաղաքի կենտրոնական փողոցները: Այս մասին տեղեկացրել է «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը: Օղակակաձեւ ճանապարհը սկիզբ է առնելու Աբովյան փողոցից եւ վերակառուցված Սարալանջի փողոցով հասնելու է Ավետիսյան փողոց (Արաբկիրի համայնք) եւ այնուհետեւ կապվելու է Դավիթաշենի կամրջի հետ: Այստեղից Լենինգրադյան պողոտայով միանալով Իսակովի պողոտային այն օղակ է ստեղծելու, որն անմիջապես կապելու է մայրաքաղաքից դուրս եկող հիմնական մայրուղիների հետ: Նախագիծը գնահատվում է 80-100 մլն դոլար: