12 հունվարի 2005 - 22:47 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՈՒՑԵ ԱՋԱԿՑԻ ՆՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻՆ
Նոր ընդդիմադիր դաշինքի ստեղծումը, որի մասին խոսակցություններն ընթանում են արդեն մեկ ամսից ավել, ձգձգվում է, խանգարիչ հանգամանքներից է նաեւ նոր դաշինքի ենթադրվող առաջնորդներից մեկի` նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությունը Հայաստանից: Վերջինս սովորույթի համաձայն ամանորյա տոներն անց է կացնում ԱՄՆ-ում: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» թերթը: Միեւնույն ժամանակ, գրում է թերթը, նոր քաղաքական դաշինքի ձեւավորման մասին կհայտարարվի այս տարվա հունվարի վերջին: Թերթի տվյալներով` Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որին որոշակիորեն աջակցում են բնակչությունը եւ մի քանի քաղաքական շրջանակներ Հայաստանում եւ Արեւմուտքում, դաշինքի ձեւավորումից հետո կարող է հայտարարել դաշինքին իր աջակցության մասին: «Հայկական ժամանակի» կարծիքով` այն բանից հետո, երբ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ` Հայաստանի մեկ այլ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը կմասնակցի նոր դաշինքի ձեւավորմանը, այդ ժամանակ ներկայիս «Արդարություն» ընդդիմադիր դաշինքն ըստ էության կդադարի գոյություն ունենալ: Հիշեցնենք, որ արտաքին քաղաքականությունում ենթադրվող նոր ընդդիմությունը հանդես կգա արեւմտամետ դիրքորոշումներով: