18 հունվարի 2005 - 23:08 AMT
ԺԱՄԱՆԱԿԻՆ ԹՐՔԱՑՎԱԾ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅԵՐ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ
20 դարի սկզբում բռնի կերպով մահմեդականացված, թրքացված կամ քրդացված հայերը, որոնք բնակվում են Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում, այսօր վերապրում են ազգային ինքնագիտակցության զարթոնքի շրջան: Այդ մասին գրում է Համո Մոսկոֆյանը «Ազգ» թերթի այսօրվա համարում: Ժամանակին մահմեդականացված հազարավոր հայեր, հատկապես Սասունի եւ Տարոնի շրջաններում, այսօր վերադառնում են իրենց հայկական արմատներին: «Այսօր Մուշում բնկավում են շուրջ 1000 հայեր: Քրդական հարցի պատճառով թուրքական կառավարությունը նրանց ժամանակավորապես հանգիստ է թողել»,- ասում է Արմենը Մուշից, որը հաճախ է լինում Հայաստանում: Նրանց կարելի է հանդիպել Գերմանիայում եւ Հայաստանում, որտեղ նրանք հրաժարվում են թուրքական անուն ազգանուններից եւ վերանվանում են հայկականները: Սիմոն Կոստանյանը (Սարդետ Կոստուն), ծնվել է Տարոնի Կարմիր Խաչ գյուղում, այժմ բնակվում է Գերմանիայում եւ կապեր պահպանում հայ համայնքի հետ: «Արեւմտյան Հայաստանում ապրում են մեր բարեկամները, -ասում է նա, որոնք անցել են եւ անցնում են բազում փորձությունների միջով»: Կիլիկիացի Ռազմիկ Հակոբյանը (Նուրեդդին Յաղուբ) մտադիր է ֆիլմ նկարահանել իր նման ճակատագիր ունեցող մարդկանց մասին, որոնք իր նման վերադառնում են հայկական ինքնագիտակցմանը: «Իմ ծնողները թաքցնում էին իրենց ծագումը, քանի որ Կիլիկիայում հայ լինելը աններելի հանցագործություն էր», ասում է նա: