14 օգոստոսի 2012 - 15:36 AMT
Քեմբրիջի համալսարանին առընթեր թանգարանը պատրաստվում է 4 մլն ֆունտ վճարել Նիկոլա Պուսենի կտավի դիմաց

Բրիտանական Քեմբրիջի համալսարանին առընթեր Ֆիցուիլյամի թանգարանն ու Արվեստի հիմնադրամը փորձում են պահել կլասիցիզմի հիմնադիր Նիկոլա Պուսենի «Վերջին օծումը» կտավը: 17-րդ դարի նկարը հասանելի է դարձել կառավարության նախագծի շնորհիվ, ըստ որի ժառանգության հարկից կարելի է խուսափել, եթե արվեստի գործը փոխանցվում է թանգարանին:

Նախագծի կետերից մեկի համաձայն 14 մլն ֆունտ արժողությամբ նկարի դիմաց 4 մլն ֆունտը պետք է հավաքել մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը: Կտավը, որում պատկերված է մեռնող մարդը, որին յուղով են օծում համաձայն վաղ եկեղեցու ավանդույթների, ներկա պահին ցուցադրվում է թանգարանում:

«Սա վերջին հարյուրամյակում թանգարանի կողմից ձեռք բերվող ամենանշանավոր հին վարպետի գործերից մեկն է լինելու: 17-րդ դարի մեծագույն ֆրանսիացի նկարչի այս գլուխգործոցը կփոխի մեզ մոտ ֆրանսիական արվեստի և դասական ավանդույթների ներկայացումը»,- նշել է Ֆիցուիլյամ թանգարանի տնօրեն, դոկտոր Թիմոթի Փոթսը: