Հալեպում վիճակն օրըստօրե վատանում է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Հալեպի սիրիահայ բնակիչ Արսեն Հեքիմյանը, հավելելով, որ արդեն 6 օր է, ինչ բնակարաններում հոսանք չունեն, 4 օր էլ` ինտերնետ:
«Հաճախ կրակոցներ և ռումբերի պայթյուններ են հնչում: Օդում թռչում են ինքնաթիռներ, որոնք ռմբակոծում են Հալեպը», - ասաց Հեքիմյանը:
Սիրիահայի խոսքով` ընդդիմությունը բավական ուժեղ է, իսկ կառավարական զորքերը «խայտառակ պարտություններ են կրում»: Սիրիահայի դիմել է ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջին»` Հայաստան գալու ցանկությամբ:
«Ուզում են ընտանիքով գալ Հայաստան սեպտեմբերի սկզբին, բայց չգիտեն ինչ պիտի անեն: Ասում են, որ մնալն արդեն անհնար է», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը:
Սիրիահայի հավաստմամբ` Հալեպում հայերից շատերի մոտ կարծիք է ձևավորվել, որ Հայաստանը չի ուզում իրենց ընդունել և որ հայաստանցիները դժգոհ են իրենցից:
«Ես ամեն ինչ անում եմ, որ տեղացի հայերին հակառակն ապացուցեմ և որ բոլոր ցանկացողները գան ինձ հետ Հայաստան», - եզրափակեց Հեքիմյանը: