11 մարտի 2003 - 19:29 AMT
ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՍՏՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ
Այսօր Բաքվում բացվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍՏՀ) անդամ երկրների Խորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի, առեւտրի, տեխնոլոգիայի եւ էկոլոգիայի հարցերով կոմիտեի 12-րդ նիստը: Հայ խորհրդարանականները չեն մասնակցի նիստին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ Ազգային ժողովի աղբյուրները, վեհաժողովին հայ պատգամավորների չմասնակցելու պատճառները քաղաքական երանգ չեն կրում: Նրանք զբաղված են երկրում առաջիկա խորհրդարանական ընտրություններով, մասնավորապես, Ազգային ժողովում թեկնածությունների առաջադրմամբ, որի գործընթացը սկսվել է այսօր: Նշենք, որ ՍՏՀ Խորհրդարանական վեհաժողովի երկօրյա նիստի օրակարգի հիմնական թեման` էներգետիկ բնագավառում համագործակցության զարգացման հարցերն են: ՍՏՀ կազմակերպության մեջ են մտնում Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Բուլղարիան եւ Թուրքիան: