
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Ֆրանսիայի հայ բժիշկների միության» հետ համատեղ ակնաբուժական ծրագիր է իրականացրել Շիրակի մարզի Աշոցքի շրջանի 21 գյուղական համայնքներում:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից, ծրագրի ընթացքում օգոստոսի 12-ից 17-ը բուժզննում է անցել տեսողական խանգարում ունեցող նախադպրոցական եւ դպրոցական տարիքի 262 երեխա:
«Ֆրանսիայի հայ բժիշկների միության» տրամադրած ժամանակակից սարքավորումների միջոցով կատարվել է ախտորոշում, եւ տրամադրվել համապատասխան ակնոցներ: Բժիշկների խմբի հետ Հայաստան էին ժամանել նաեւ տեխնիկական մասնագետներ, ովքեր տեղում հղկում եւ համապատասխանեցնում էին ակնոցները:
Ակնաբուժական ծրագրից օգտվել են նաեւ համայնքների տարեցները: Գյուղերի ` 60-ից բարձր տարիք ունեցող 861 բնակիչ ստացել է օպտիկական ակնոց: