23 օգոստոսի 2012 - 09:55 AMT
«Ժողովուրդ». Տավուշում հնչած կրակոցները կառավարությանը և մարզային իշխանություններին չեն հետաքրքրում

Թերթը գրում է. «Օգոստոսի 21-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքը: Ադրբեջանական կողմից կրկին տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես գյուղերի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղերի ուղղությամբ:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով՝ մեկ շաբաթ առաջ ադրբեջանցիները նոր տեսակի խլացուցիչ զենք են փորձարկել գյուղի վրա: Բնակիչները վախեցած են ու մտահոգված: Գնդակոծությունների հետեւանքով, ըստ գյուղապետի, համայնքը շուրջ 30 մլն-ի վնաս է կրել: Ստեղծված իրավիճակին կառավարությունը եւ մարզային իշխանությունները չեն արձագանքել:

Մարզպետ Արմեն Ղուլարյանը ոչ միայն չի այցելել համայնք, այլեւ անգամ չի բարեհաճել զանգել համայնքապետին: Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրաժարվել է կրակմարիչներ տրամադրել՝ պատճառաբանելով ֆինանսական սուղ վիճակը»: