23 օգոստոսի 2012 - 16:20 AMT
Սիլվա Ադամյան. Մենք ունենք օրենք, բայց այն չի գործում

Մենք ունենք օրենք, բայց այն չի գործում: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: «Օրենսգրքում ամրագրված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը բնապահպանության իրականացման կարևորագույն սահմանումներից մեկն է: Այժմ ներկայացվել է այս օրենքում փոփոխությունների մասին օրինագիծ, որը շատ ավելի ծավալուն և բովանդակալից է: Բայց և այնպես, այս օրինագիծը նույնպես ունի մի շարք թերություններ և հակասություններ, որոնք շտկման կարիք ունեն»,- նշեց նա:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանն իր հերթին հայտնեց, որ ողջունում է բնության հատուկ պահպանվող տարածքների մասին նոր օրինագիծը: «Օրինագիծը ողջունելի է, քանի որ մի շարք նոր սահմանումներ և կարևոր կետեր է ավելացնում օրենքի մեջ, մասնավորապես բուն օրենքում արգելավայրերին ընդամենը մեկ տող է նվիրված, մինչդեռ Հայաստանում 26 և ավելի արգելավայր կա: Բացի այդ, օրինագիծը սահմանում է բնության հատուկ պահպանվող տարածքները, բայց չի սահմանում դրանց պահպանման կարգը: Սահմանվում է նոր տեսակի հատուկ պահպանվող տարածքների` լանդշաֆտային տարածքների և բնական պաշարների կառավարվող տարածքների պահպանում: Ընդ որում, դրանք կարող են մաս կազմել այժմյան արգելոցների: Ստացվում է, որ եղած արգելոցներին նոր կարգավիճակ կարող են տալ, ինչն ավելորդ թղթաբանության և խառնաշփոթի առիթ է դառնալու»,- շեշտեց նա` հավելելով, որ ներկա պահին արդեն կորսված բնության հատուկ պահպանվող տարածքների քանակն ու ներկա վիճակը պարզելու նպատակով հարկավոր է մոնիթորինգ անցկացնել, որի համար անհրաժեշտ գումար պետությունը պատրաստ չէ հատկացնել: