14 փետրվարի 2005 - 17:18 AMT
ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ, ԱՊԱ ԱՐԴԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԼԻՆԵԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Ադրբեջանը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես միասնական օրգանիզմ եւ չէր ցանկանա որեւէ տարբերակում մտցնել համանախագահների միջեւ, «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Սակայն Ռուսաստանը միակ համանախագահող երկիրն է, որն ընդհանուր սահման ունի Ադրբեջանի հետ եւ մեր տարածաշրջանի գերտերությունն է: Իհարկե, դա բարձրացնում է նրա պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, հայտարարել է նա: «Մենք գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չպետք է որպես ելակետ ընդունի այն դրույթը, թե «դուք պայմանավորվեք, իսկ մենք կհաստատենք»: Եթե մենք կարողանայինք համաձայնության գալ, ապա արդեն պայմանավորված կլինենինք: Մինսկի խումբը ինքնին ստեղծվել է այն պատճառով, որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ: Այդ պատճառով մենք գտնում ենք, որ նրա գործունեությունն առաջին հերթին պետք է ուղղված լինի միջազգային սկզբունքների եւ նորմերի պաշտպանությանը, որոնց համաձայն ցանկացած պետության տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է: Ադրբեջանը ոչ ոքի տարածքային ամբողջականությունը չի խախտել, այնինչ մեր տարածքային ամբողջականությունն խախտված է»,-նշել է Ադրբեջանի նախագահը: Դա արտացոլվել է առաջտար միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում, մասնավորապես Եվրոպայի Խորհրդի բանաձեւում: Նրա խոսքերով, պաշտոնական Բաքուն հակամարտության կարգավորումը տեսնում է հետեւյալ կերպ. «պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայկական օկուպացիոն ուժերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից, փախստականները պետք է վերադառնան իրենց տները: Եվ այն ժամանակ խաղաղություն կհաստատվի»: Այդ մոտեցումը, իր կարծիքով, գնալով ավելի ընդունելի է դառնում համաշխարհային հանրության համար, եւ Մինսկի խմբի ջանքերի վերջին ակտիվացումը կարող է արդյունավետ լինել: