
Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը համոզված է, որ վաղը կայանալիք դատական նիստից հետո բոլորը կհամոզվեն, որ «ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը զբաղված է մանր ժուլիկությամբ»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զոլյանն ասաց, որ վաղվա նիստում հայցվոր կողմը կներկայացնի փաստեր, որոնք ինքը բացահայտել չի կարող, քանի որ գործի քննության ընթացքում իր փաստաբանը մի քանի անգամ զգուշացրել է՝ նախօրոք չբացահայտել գործի հետ կապված մանրամասները: ԵՊԼՀ-ի նախկին ռեկտորն ասաց, որ ցանկանում է նախևառաջ հերքել վերջերս տարածված լուրերը. «Այն լուրերը , թե ես ընդհատել եմ դատավարությունը և այլևս չեմ բողոքարկում ինձ հեռացնելու փաստը, իրականությանը չի համապատասխանում, պարզապես գործն ընթանում է մեծ ընդմիջումներով: Եվ երկրորդ՝ լուրեր են տարածվել, որ ես հեռանում եմ երկրից: Ես կարճ ժամանակով եմ գնում, մեկնում եմ Տալին՝ 3 մասով, եթե ամեն ինչ ընթանա այնպես , ինչպես ծրագրված է, փետրվարին դարձյալ կլինեմ Հայաստանում»: Անդրադառնալով վաղվա դատական նիստին, Սուրեն Զոլյանն ասաց, որ ԿԳ նախարարը վաղը կապացուցի , արդյոք պետական այր է ինքը , ինչպես ասում էր ամսիներ առաջ, թե պարզապես մանր խաբեբա է, ում որոշումները անտեղի են ու չհիմնավորված .«Այս ամբողջ ընթացքում ամեն ինչ արել են, որ ես ինձ վատ զգամ, և ինչու չէ , իրենք կուզեն, որ ես գնամ երկրից: Համալսարանում ժամանակին մանկական սենյակ էինք սարքել այն դասախոսների համար, ովքեր փոքր երեխաներ ունեն: Անգամ այդ սենյակն են փակել: Միջպետական համաձայանգրով աշխատում էի մի գիտական ծրագրի վրա: Ինձ թուղթ են ուղարկել, որ ես հեռացված եմ այդ ծրագրից: Հարցը հեռացնելը չի, ես դրա համար ընդամենը 44 հազար դրամ էի ստանում, հարցն այն է, որ չեն տեղեկացնում, ինչպես հարկն է: Անգամ այդ թղթի վրա ձևականությունները չեն պահպանել, առանց որևէ անուն նշելու գրված է.«Տեղեկացնում ենք ձեզ, որ դուք հեռացված եք»: Եվ ի վերջո, ոչ մի հայկական բուհից աշխատանքի առաջարկ չեմ ստացել: Բոլորը փորձում են հաճոյանալ նախարարին, չեն կանչում, որ Աշոտյանին չնեղացնեն», -ասաց Զոլյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 6-ին ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողության տեսքով: Նկատողության պատճառը եղել է այն, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը և երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի: Այնուհետև ապրիլի 17-ին նա ստացել է երկրորդ նկատողությունը: Նախարարի հրամանով ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են:
Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էրր հայտարարել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար: Հունիսի 12-ին կայացած մրցույթում ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը: