
Հայաստանում 12-ամյա կրթությունը այլընտրանք չունի: Այդ մասին այսօր Երևանում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Հետդարձի ճանապարհ չի լինելու, և այս նոր կրթական համակարգի դեմ հնչող քննադատությունը միայն կօգնի բարելավելու այն: Ես չեմ կարող հայտարարել, թե այն արդեն կայացել է. 12-ամյա կրթությամբ առաջին դասարանը դպրոց գնաց 2006 թվականին, նշանակում է կրթական համակարգի հաջողված ներդրման մասին կկարողանանք խոսել միայն 2018-ին, երբ ունենանք առաջին շրջանավարտները»,- նշեց նա:
Խոսելով ավագ դպրոցներում կրթության որակի հետ կապված հարցի մասին` նախարարը շեշտեց, որ դա շատ ցավագին խնդիր է: «Մենք ունենք փայլուն ավագ դպրոցներ և դրանց կողքին ունենք դպրոցներ, որոնք չեն կարողանում ինտեգրվել նոր կրթական համակարգի մեջ: Ես դեռևս շարունակում եմ լուրեր լսել այն մասին, թե դպրոցները կարող են 12-ամյա կրթությունից հրաժարվել և անցնել 11-ամյա կամ վերադառնալ 10-ամյա կրթության: Նման բան չի լինելու»,- շեշտեց Աշոտյանը` մանկավարժներին կոչ անելով զգույշ խոսել ծնողների, աշակերտների հետ, որպեսզի «նման անհեթեթ խոսակցությունները չտարածվեն հավաստի տեղեկատվության կարգավիճակով»: