
Դպրոցներում տեղ գտնող ամենատարածված խախտումներից մեկը ապօրինի դրամահավաքն է: Այդ մասին այսօր Երևանում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը հաղորդեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա դրական գնահատեց նախորդ տարվա համեմատ այս տարի ստացված ահազանգերի քանակի նվազումը: «Դա, իհարկե, ողջունելի է, բայց տեսլականում պետք է այնպես աշխատենք, որպեսզի ահազանգեր ընդհանրապես չլինեն: Եթե կան ահազանգեր, ուրեմն կան նաև խնդիրներ ու խախտումներ: Մասնավորապես խոսքը գնում է ապօրինի դրամահավաքների մասին, որոնք իրականացվում են տնօրենների հրահրմամբ կամ առնվազն գիտությամբ: Մինչդեռ աշակերտները տարբեր ընտանիքներից են գալիս, և ծնողական կոմիտեն կամավոր է որոշում աջակցել դպրոցին և կազմակերպել դրամահավաք: Այսուհետ ապօրինի դրամահավաքներ կազմակերպող դպրոցների տնօրեններն անմիջապես կհեռացվեն: Մենք խիստ միջոցներով կփորձենք կանխել նման խախտումները»,- հայտարարեց նախարարը:
Աշոտյանը հատուկ ուշադրություն դարձրեց նաև մեծ քանակությամբ բացակայություններին, հատկապես ավագ դպրոցներում` 12-րդ դասարանի առաջին և երկրորդ կիսամյակներում: «Ավագ դասարաններում աշակերտներն ավելի շատ են բացակայում, մինչդեռ նրանց ներկայությունը պետք է պարտադիր լինի, անկախ նրանից` կրկնուսույցի մոտ պարապում են, թե ոչ»,- շեշտեց Աշոտյանը` հավելելով, որ առկա խնդիրների շուրջ տարվող աշխատանքների արդյունքները պարբերաբար կքննարկվեն տնօրենների հետ խորհրդակցությունների ժամանակ ԿԳ նախարարի կամ փոխնախարարի մոտ: