29 օգոստոսի 2012 - 17:27 AMT
Աշոտյան. Մենք պարտավոր ենք ամեն կերպ աջակցել Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներին

Մենք պարտավոր ենք ամեն կերպ աջակցել Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներին: Այդ մասին այսօր Երևանում ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ նախարարությունը մի քանի դպրոց է ընտրել Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների զավակների համար: «Բայց այդ դպրոցները չեն պարտադրվելու: Ծնողներն ազատ են դպրոցի ընտրության հարցում: Յուրաքանչյուրի դպրոցում կարող են սիրիահայ աշակերտներ հայտնվել, և մենք պարտավոր ենք ամեն կերպ սատարել այդ երեխաներին, բարելավել նրանց լեզվաիմացությունը, նրանց համար ապահովել լիարժեք կրթություն: Սիրիահայ դպրոցականները չպետք է տուժեն ստեղծված քաղաքական վիճակի պատճառով»,- հայտարարեց նա` մանկավարժներին հորդորելով հատուկ ուշադրություն հատկացնել սիրիահայ աշակերտներին: