ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ներմանը կհաջորդի ազգային հերոսի կոչման շնորհումը: «Այն, որ Ադրբեջանն առաջին իսկ օրվանից ամեն ինչ անում էր Սաֆարովի էքստրադիցիայի համար, միանշանակ է: Այն, որ Ադրբեջանը այս ընթացքում ոչինչ չխնայեց Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար, այդ թվում նաև հսկայական ֆինանսական միջոցներ, ևս միանշանակ է: Այն, որ նրան Ադրբեջանում պետք է ազատ արձակեին, նույնպես պարզ էր: Ես մի պահ անգամ չեմ կասկածում, որ առաջիկայում Սաֆարովին կշնորհեն նաև Ադրբեջանի ազգային հերոսի կոչում»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցին:
Զոհրաբյանը հիշեցրել է Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի խոսքերն այն մասին, որ «Սաֆարովը պետք է հայրենասիրության օրինակ ծառայի երիտասարդների համար», Սաֆարովի աջակցության համար կազմակերպված հանրահավաքները, որի մասնակիցները պահանջում էին նրան ազգային հերոս ճանաչել և նրա անունով դպրոց անվանակոչել: Պատգամավորը հավելել է. «Խնդիրն Ադրբեջանը չէ: Ադրբեջանի համար հայի սպանած Սաֆարովը ազգային հերոս է: Եվրոպայի Խորհրդում կա երկիր, որտեղ հային սպանած մարդը ազգային հերոս է հռչակվում: Այս հացերն անպայման պետք է արծարծել»: Այսօր տեղեկություններ հայտնվեցին Հունգարիայից Ադրբեջան ցմահ բանտարկված Սաֆարովի էքստրադիցիայի մասին, Ադրբեջանում նրան անմիջապես ներում է շնորհվել:
2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:
2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար: