
Որոշում կայացնելով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին՝ Հունգարիայի իշխանությունները հաշվի առել էին Հայաստանի արձագանքը, և այն, որ այդ որոշումը կհարվածի ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Հունգարիային, սակայն «հուսով են, որ դուրս կգան դրա տակից»: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այդ արձագանքը հնարավոր չէր հաշվի չառնել…Նշանակում է, այն, ինչ առաջարկվել էր Հունգարիային, գերակշռեց այն, ինչ ակնկալվում էր, որպես արձագանք»,-ասել է նա:
Ըստ Իսկանդարյանի, նա չի հավատում Հունգարիայի պաշտոնյաների այն հայտարարություններին, թե նրանք հավատացին Ադրբեջանին, որ Սաֆարովին ազատ չեն արձակի, «քանի որ նրանք հասկանում էին, որ արտահանձնումից անմիջապես հետո Սաֆարովը ազատ կարձակվի»:
Նա նշեց, որ Հունգարիայում շատ ծանր տնտեսական իրավիճակ է, ինչն իր ազդեցությունն է թողել Հունգարիայի որոշման վրա: Ինչ վերաբերում է Հայաստանի և միջազգային հանրության պատասխան քայլերին Հունգարիայի հանդեպ, ապա նրանք չեն կարող ճնշում գործադրել Բուդապեշտի վրա, կարող են միայն դատապարտել, թեև դա կոնկրետ արդյունքի չի հանգեցնի և Սաֆարովին հետ Հունգարիա չի վերադարձնի:
Իսկանդարյանը կարծիք է հայտնել նաև, որ դժվար թե ողջ համաշխարհային հանրությունը միանա Հունգարիայի դատապարտմանը՝ նշելով, որ «աշխարհը չի սահմանափակվում Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափով»: