3 սեպտեմբերի 2012 - 16:17 AMT
Ռուսաստանն այնուամենայնիվ դատապարտեց Սաֆարովի արտահանձնումն ու ներումը

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն այնուամենայնիվ մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից արտահանձնելու փաստը, որը հաջորդ իսկ օրը ներում ստացավ Իլհամ Ալիևի հրամանագրով:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի պաշտոնական մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանում, որը նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, խորը մտահոգությամբ ընկալեցին հաղորդագրությունները Բաքվում ադրբեջանցի զինծառայող Ռ. Սաֆարովին ներում շնորհելու մասին, որը դատապարտվել էր ցմահ բանտարկության 2004թ. Հունգարիայում առանձնակի դաժանությամբ հայ սպայի սպանության համար, ինչպես նաև Հունգարիայի կողմից նրան արտահանձնելու որոշումը:

Գտնում ենք, որ ադրբեջանական, ինչպես նաև հունգարական իշխանությունների այս գործողությունները հակասում են այն ջանքերին, համաձայնեցված միջազգային մակարադակով, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ գծով, որոնք ուղղված են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը:

Ակնկալվում է, որ համապատասխան գնահատական կտան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: