4 սեպտեմբերի 2012 - 11:39 AMT
Ա. Բոժկո. Հունգարիայի հղումը Սաֆարովի մասին Բաքվից ստացած հավաստիացումներին տարօրինակ է

«Հունգարական կառավարությունը, նախքան Սաֆարովին հանձնելու որոշում ընդունելը, պետք է պաշտոնական կամ ոչ պաշտոնական խորհրդատվություններ նախաձեռներ Հունգարիայի և Հայաստանի ԱԳՆ-երի միջև»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

«Չէ որ դժվար չէր գուշակել, թե նման քայլն ինչպիսի արձագանք կառաջացներ Հայաստանում, նույնիսկ եթե Ալիևը չարդարացներ մարդասպանին»,- նշել է նա:

Ինչպես նշել է նախկին դիվանագետը, այս հարցը, դատելով ամեն ինչից, մշտապես ծագել է հայ-հունգարական շփումների ժամանակ: «Նման խորհրդատվությունները, նույնիսկ տեղեկատվության մտածված արտահոսքը, դիվանագիտության ունիվերսալ կանոն է, որին հաճախ դիմում են երկրները, որոնք իրենց անվանում են բարեկամական և ձգտում են պահպանել լավ հարաբերություններ: Ուստի հունգարական ԱԳՆ վկայակոչումներն ադրբեջանական կողմից ստացված հավաստիացումների վերաբերյալ, որոնք դրդել են Հունգարիային հանձնել մարդասպանին, քիչ համոզիչ են, եթե ոչ տարօրինակ»,- հայտարարել է Բոժկոն:

Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն: