5 սեպտեմբերի 2012 - 14:56 AMT
ԵԽ գլխավոր քարտուղարի համար անընդունելի է մարդասպանի հերոսացումը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյերն Յագլանդը հայտարարել է, որ ոչ մի հանցագործություն, այդ թվում ադրբեջանցի Սաֆարովի ոճրագործությունը, չի կարող գովաբանման առարկա դառնալ:

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ներման իրավական հիմքերը, սակայն անընդունելի եմ համարում, երբ մարդասպանին որպես հերոսի են դիմավորում: Ես անհեռանկարային եմ համարում այն աշխարհը, որտեղ ոտնահարվում է մարդկային արժանապատվությունը: Սա այն Եվրոպան չէ, որը մենք ցնականում ենք ժառանգել մեր սերունդներին: Ես դատապարտում եմ հանցագործության նման փառաբանումն ու կոչ եմ անում բոլորին հարգել մարդու կյանքն ու եվրոպական արժեքները»,-ասել է Յագլանդը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: