6 սեպտեմբերի 2012 - 11:57 AMT
Հայաստանն ապրանքներ կարտահանի Իրաք

Հայ-իրաքյան հարաբերությունները դարերի պատմություն ունեն և անցել են բազմաթիվ դժվարություններ, բայց այսօր երկու երկրներն իրենց առջև դրել են մեծ տնտեսական խնդիրներ: Այդ մասին սեպտեմբերի 6-ին առաջին հայ-իրաքյան գործարար համաժողովւմ ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Սեպտեմբերի 4-7-ը Երևանում է գտնվում Իրաքի ներկայացուցչական պատվիրակությունը երկրի վարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսիի գլխավորությամբ:

Տիգրան Դավթյանը նշել է, որ այցի շրջանակներում արդեն տեղի են ունեցել տարբեր մակարդակի հանդիպումներ, և դրանք հիմք են ստեղծում առկա հարաբերությունները զարգացնելու համար ինչպես ներդրումների գծով, այնպես էլ առևտրատնտեսական հարաբերությունների: «Հայաստանի համար Իրաքը խոշոր շուկա է, որն արագ տեմպերով զարգանում է»,- ասել է նախարարը:

Նա նաև հավելել է, որ արդեն նախնական պայմանավորվածություններ կան մի շարք ապրանքներ Իրաք արտահանելու համար` շինանյութերից և սննդամթերքից մինչև գիտական ու ՏՏ ապրանքներ: Միաժամանակ, Դավթյանը համոզմունք է հայտնել, որ այդ ցուցակն առաջիկայում կընդլայնվի: Դրա համար պետք է արագ նախապատրաստվի նորմատիվ-իրավական դաշտ, աշխատանքներ են տարվում համապատասխան փաստաթուղթ մշակելու ուղղությամբ:

Ինչպես հաղորդել է նախարարը, այսօր այցելություններ են նախատեսված մի շարք հայկական ձեռնարկություններ, որտեղ իրաքցի գործարարները կարող են ծանոթանալ արտադրության գործընթացի հետ:

Հայաստանի և Իրաքի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 19.8 մլն դոլար, որից արտահանմանը բաժին է ընկել 4.9 մլն դոլար, ներկրմանը` 14.9 մլն դոլար: Մասնավորապես, 2011-ին Հայաստանից արտահանվել են ծխախոտ, սև մետաղներ, Իրաքից Հայաստան է ներկրվել նավթ և նավթամթերք: