11 սեպտեմբերի 2012 - 12:09 AMT
Արաբագետ. Սատարելով «արաբական գարնանը»՝ Արևմուտքը փորձում է չեզոքացնել ծայրահեղականներին

ԱՄՆ-ն և մյուս արևմտյան երկրները փորձում են միանալ «արաբական գարնան» գործընթացներին թուլացնելու կամ չեզոքացնելու համար արաբական երկրների ծայրահեղ իսլամականացման սպառնալիքը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նա նշել է, որ Արևմուտքը լոկ սատարեց «արաբական գարնան» գործընթացներին, սակայն նախաձեռնողն ինքը չէր:

Ըստ Գրիգորյանի, ծայրահեղական իսլամիստները և «Ալ Քայիդան» բավականին ակտիվ են և փորձում են իրենց ազդեցությունը տարածել այն երկրներում, որտեղ զգալի փոփոխություններ եղան «արաբական գարնան» արդյունքում:

Հայ փորձագետը գտնում է, որ եթե ավանդաբար նման աշխարհիկ պետությունում, ինչպիսին Սիրիան է, Արևմուտքին գուցե հաջողվի չեզոքացնել ծայրահեղական իսլամականացման վտանգը, ապա Եգիպտոսում հազիվ թե կարողանա պայքարել «մահմեդական եղբայրների» դեմ: