Ալիևը, ներում շնորհելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին, կրկնահանցագործություն է արել, քանի որ խախտել է միանգամից 2 դրույթ` նախ Ադրբեջանի օրենսդրությունը և երկրորդ՝ներում է շնորհել ռազմական հանցագործի, որն, ըստ էության, ռազմական գաղտնիք է բացահայտել :
Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Բուդապեշտում Գ.Մարգարյանի սպանության (2004-2006 թթ.) գործով լսումներում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը:
Դեմոյանը նշում է, որ ռազմական գաղտնիք Սաֆարովը բացահայտել է հենց 2004-ին, առաջին ցուցմունքը տալու ժամանակ, երբ ոգևորությամբ պատմում էր այն մասին, որ տարբեր գործիքներով մարդ սպանել նա սովորել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ռազմաբազաներում:
«Երկիր, որն ամեն օր հասարակ քաղաքացուց մինչև նախագահ կրկնում է, որ իր տարածքի 20 տոկոսն օկուպացրել է, իր զինվորին ուղարկում է Թուրքիայի կողմից անօրինականորեն բռնազավթված տարածք՝ մարդասպանություն սովորելու, որ հետո Եվրոպայի կենտրոնում մարդ սպանի» : Դեմոյանը կարծում է, որ այս փաստը շատ ծանր է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար, և Հայասատնը այն պետք է շահարկի: