Վրաստանում սեպտեմբերի 22-28-ը տեղի կունենան տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները` «Վրաստան 2012»:
Վրաստանի ՊՆ-ում հաղորդել են, որ տարերային աղետների արձագանքման հարցերով Եվրաատլանտյան համակարգող կենտրոնի հովանու ներքո կայանալիք զորավարժություններին կմասնակցեն 30 երկրների 11 թիմեր: Զորավարժությունների նպատակն է գործնականում մշակել տարերային աղետների հետևանքների չեզոքացման գործողությունները և նման իրավիճակներում բարելավել երկրների միջև համակարգումը:
Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի ԱԻՆ առընթեր փրկարարական ծառայության պետ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, զորավարժություններին կմասնակցեն նաև փրկարարներ Հայաստանից:
Զորավարժությունների սցենարով Թբիլիսիից 35 կմ հարավ սեպտեմբերի 20-ին ժամը 14:20-ին տեղի կունենա 6.8 մագնիտուդով երկրաշարժ: Չնայած նրան, որ Վրաստանի մայրաքաղաքում խոշոր ավերածություններ նախատեսված չեն, էպիկենտրոնին մոտ Ռուսթավի քաղաքում վիճակը սպառնալից է քիմիական գործարանի, ֆաբրիկաների, ինչպես նաև նավթատարների, երկաթուղիների մոտ լինելու պատճառով:
Ավերածությունների նախնական գնահատականից հետո որոշում է ընդունվում, որ Վրաստանի որոնողական-փրկարարական ծառայությունների ուժերը և միջոցները բավարար չեն և պետք է միջազգային օգնություն խնդրել Եվրաատլանտյան համակարգող կենտրոնի միջոցով: Դաշինքի անդամ-պետություններից փրկարարները կմասնակցեն երկրաշարժի հետևանքների վերացմանը, կզբաղվեն փլատակների տակ հայտնված մարդկանց փրկելով: