12 սեպտեմբերի 2012 - 15:47 AMT
Սեպտեմբերի 16-ին կսկսվեն դաշնակահար Հայկ Մելիքյանի եվրոպական հյուրախաղերը

Սեպտեմբերի 16-ից սկսվում է անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանի 2012 թ. աշնանային լայնածավալ համերգային շրջագայությունը եվրոպական երկրներում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին դաշնակահարի մենեջմենթից, Հայկ Մելիքյանը երկրորդ անգամ կմասնակցի Ժնևի դաշնամուրային միջազգային փառատոնին` կատարելով Հարություն Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» սոնատը և Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» բալետի մենանվագ դաշնամուրային փոխադրումը:

Այնուհետև դաշնակահարը կմեկնի Փարիզ, որտեղ սեպտեմբերի 22-ին տեղի կունենա նրա «Klavierstuck-ների շուրջ» խորագրով մենահամերգը` կազմված բացառապես 20-րդ և 21-րդ դարերում ստեղծված Klavierstuck-ներից` «դաշնամուրային պիեսներից»: Անգլիայի Եղիսաբեթ թագուհու հոբելյանական տարվա կապակցությամբ շարունակվում է անգլիական Backes and Strauss ժամացույցների բրենդի համերգաշարը մոլորակի տարբեր երկրներում: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 7-ին Մոնտե-Կարլոյում գործող Backes and Strauss-ի տաղավարը կհյուրընկալի հայ դաշնակահարին:

Հոկտեմբերի 12-ին նա կմասնակցի գերմանական Կարլսրուե քաղաքում հայ-գերմանական մշակութային ասոցիացիայի կողմից կազմակերպվելիք առաջին փառատոնի բացման արարողությունը:

Հայկ Մելիքյանի հաջորդ մենահամերգը կկայանա հոկտեմբերի 15-ին Հռումում` լեհական ակադեմիայի համերգային դահլիճում, Nuovi Spazi Musicali ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում: Այդ օրը դաշնակահարը կներկայացնի մի քանի պրեմիերաներ` պատվիրված հատուկ այդ փառատոնի կողմից: Համերգում կհնչեն իտալացի, լեհ, ինչպես նաև երեք հայ կոմպոզիտորների` Ժիրայր Շահրիմանյանի, Սոֆյա Միքայելյանի և Կարեն Անանյանի ստեղծագործությունները: Այնուհետև, հոկտեմբերի 17-ին իտալական Սանսեպոլկրո քաղաքում տեղի կունենա դաշնակահարի մենահամերգը` դասական երաժշտության ծրագրով:

Դաշնակահարը ձմեռային համերգաշրջանում նախատեսում է մենահամերգներ Մոսկվայում և Մոնրեալում: