«Քենդլ» ինստիտուտում AREAL գծային արագացուցչի կարգաբերման և շահագործման ժամկետը 2013թ. մայիսն է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա հաղորդեց, որ հունիսի 26-28-ը «Քենդլ» սինխրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում կայացած AREAL լազերային բարձր հաճախականային գծային արագացուցչի միջազգային տեխնիկական փորձագիտական խորհրդի առաջին նիստի ժամանակ Գերմանիայի, Շվեյցարիայի և ԱՄՆ-ի առաջատար գիտնականներից կազմված փորձագետների հետ քննարկվել են «Քենդլ» նախագծի առաջին փուլի` AREAL գծային արագացուցչի հաջող իրականացման համար անհրաժեշտ քայլերը:
AREAL նախագիծն իրականացվում է Գերմանիայի և Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ, որոնք փորձագիտական աջակցությունից բացի պատրաստ են ինստիտուտին անհատույց տրամադրել ժամանակակից սարքավորումներ: AREAL-ի իրականացման ընթացքում կփորձակվեն «Քենդլ» սինխրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիմքում ընկած համակարգերը:
Գիտպետկոմի նախագահը տեղեկացրեց, որ ներկայումս նախատեսվում է ավարտել AREAL գծային արագացուցչի համար անհրաժեշտ ենթակառուցվածքի պատրաստման աշխատանքները, գործարկել բարձր հաճախականության, վակուումային, վերահսկման և ղեկավարման համակարգերի հիմնական փորձարարական սթենդները: Նոր սարքավորումների տեղադրման և հավաքման աշխատանքները նախատեսվում է կատարել նոյեմբերին: