ԱՄՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ԱՄՆ բարձրաստիճան զինվորական ղեկավարությունն իր ռազմավարական գնահատականում Կովկասը համարում է աշխարհի կարեւորագույն տարածաշրջաններից մեկը, հայտարարել է ԱՄՆ ՌՈՒ եվրոպական հրամանատարության հրամանատար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ռազմական ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Ջեյմս Ջոնսը: «Կովկասը շատ կարեւոր է մեր հետաքրքրությունների համար»,- հայտարարել է գեներալը երեքշաբթի օրը` սենատի ռազմական ուժերի հարցերով կոմիտեում լսումների ժամանակ, որտեղ ներկայացված էր աշխարհում ԱՄՆ ընթացիկ եւ ապագա ռազմավարական շահերի մասին վերլուծական զեկույցը: Հրամանատարի խոսքերով` կովկասյան «օդային միջանցքը կյանքի ծայրահեղ կարեւոր գիծ է դարձել Աֆղանստանում կոալիցիոն ռազմական ուժերի եւ Եվրոպայում մեր ռազմակայանների միջեւ»: «Չնայած, որ Կովկասը բաժան-բաժան է լինում էթնիկ հակամարտություններից եւ խոցված է կոռուպցիայից ու հանցագործություններից, անցյալ տարի այդ տարածաշրջանի մի շարք շրջաններում ձեռք է բերվել ժողովրդավարությանն ուղղված հիանալի առաջընթաց եւ իշխանության կայունություն»,- հայտարարել է ամերիկացի հրամանատարը: «Այդ տարածաշրջանը վճռական աշխարհագրական կետ է հանդիսանում Կենտրոնական եւ Հարավ-Արեւմտյան Ասիայի երկրներում ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության տարածման գործընթացում»,- հայտարարել է գեներալ Ջոնսը: Նա տեղեկացրել է նաեւ, որ ԱՄՆ ՌՈՒ եվրոպական հրամանատարությունը` հատուկ նշանակության ամերիկյան ուժերի հրամանատիրության հետ համատեղ ներկայումս աշխատում է մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանի համար նախատեսված նոր պլանի ուղղությամբ, որի համաձայն` ԱՄՆ վերակայանավորելու է իր հատուկ նշանակության «մշտական եւ ռոտացիոն» ուժերը «Եվրոպայի հարավում» գտնվող նոր ռազմակայաններում: «Պլանի մանրամասները գաղտնի են պահվում ընդունող երկրների հետ շարունակվող բանակցությունների պատճառով»,- տեղեկացրել է գեներալը, որի խոսքերով` «օդային, ցամաքային եւ ծովային հատուկ նշանակության ուժերի ռազմական գործողությունների թատերաբեմի համար նախատեսված բոլոր կայանավորումները Ալպերից դեպի հարավ կուժեղացնի նրանց փոխգործակցությունը, պատրաստվածությունն ու արձագանքը Կովկասի եւ Աֆրիկայի ճգնաժամերին»: