7 մարտի 2005 - 09:14 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԼՈՒՐՋ Է
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում Լատվիայի Սեյմի խոսնակ Ինգրիդա Ուդրեն ներկայացրել է ԵՄ-ին անդամակցելուց հետո Լատվիայում անցկացվող քաղաքական եւ տնտեսական գործընթացները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, չնայած նրան, որ Լատվիան ծավալուն բարեփոխումներ է արել ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, սակայն դեռեւս շատ անելիք ունի եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանելու համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ Լատվիան մտադիր է մեծ ուշադրություն դարձնել եվրաինտեգրման ճանապարհ բռնած Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերություններին: Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու Հայաստանի մտադրությունը շատ լուրջ է: Նախագահի խոսքերով, այդ գործընթացի ժամանակ Լատվիայի անցած ուղին շարունակում է մնալ Հայաստանի շահագրգռվածության կենտրոնում: Ռոբերտ Քոչարյանը նաեւ օրինակելի է համարել երեք մերձբալթյան պետությունների փորձը, նշելով, որ դրա կիրառումը հարավ-կովկասյան տարածաշրջանում կարող է դառնալ կայունության եւ խաղաղ համագործակցության երաշխիք: