9 մարտի 2005 - 10:13 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ԻՆՁ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉ ՆԵՐԿԱՅԻՑ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ՈՉ ԷԼ ՁԵՎԱՉԱՓԸ»
«Ինձ չեն բավարարում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ոչներկայիս ընթացքը, ոչ էլ ձեւաչափը, քանզի կողմերն ու միջնորդները վաղուց հեռացել են ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի մանդատից, թեեւ ոչ ոք այն չեղյալ չի հայտարարել եւ չի վերանայել,- «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով` այնտեղ համանախագահներին հանձնարարվել էր արագ կարգով բանակցություններ սկսել հակամարտող կողմերի միջեւ` զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի շուրջ: «Պրահայի մեխանիզմը» ցայտուն ցուցանակ է, որի հետեւում ոչինչ չկա, բացի երկու պետությունների արտգործնախարարների հազվադեպ հանդիպումներից: Դրանք նույնիսկ բանակցություններ էլ չեն, այլ կոնսուլտացիաներ: «Ո՞րն է դրա կոնկրետ «մեխանիզմը», ոչ ոք չի կարող ասել, քանի որ չկա ո՛չ լծակ, ո՛չ զսպանակ, ո՛չ հակակշիռ: Բառերի հեղեղ` առանց իրական բովանդակության: Իրականությանն ավելի մոտ է «երկու նախարարների հանդիպում» արտահայտությունը»,- նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե «տարբերություն կա՞ արդյոք ղարաբաղյան եւ չեչենյան պատերազմների միջեւ», Վլադիմիր Կազիմիրովը հայտարարել է. «Իհարկե, եւ ոչ քիչ: Սկզբից մինչեւ վերջ: Ածականներ չեմ փնտրի, բավական են գոյականները, մեկ-երկու շտրիխ` գրոհ Դաղստանի վրա, «Դուբրովկա» եւ Բեսլան»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հստակ ժամկետներին, ռուս դիվանագետը նշել է, որ թվերով դա դեռեւս անհնար է արտահայտել, բայց բնութագրել դժվար չէ. երբ հակամարտության բոլոր կողմերի ղեկավարության մոտ արթնանան իրատեսության եւ սեփական ժողովրդի հանդեպ, տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված պատասխանատվության զգացումները: «Ցավալի է, որ ոչ բոլորն են հասկացել «երկնքի կռունկի ու ձեռքի երաշտահավ» տարբերությունը եւ տարածաշրջանում համագործակցության ու կայուն խաղաղության իրական բարիքները փոխում են արյունալի ռեւանշի լարվածության սպազմների եւ սարսափների հետ»,- ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը: