19 սեպտեմբերի 2012 - 14:14 AMT
Օլանդը կոչ է արել Ադրբեջանին ամեն ինչ անել Հայաստանի հետ վստահության մթնոլորտ հաստատելու համար

Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի ու Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ ԶԼՄ-ների, Օլանդ-Ալիև հանդիպման օրկարագի կենտրոնական հարցերից է եղել ղարաբաղյան կարգավորումն ու ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ապօրինի ներումը:

Հանդիպմանը Օլանդը նշել է, որ «կոչ է արել Ադրբեջանին անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Հայաստանի հետ վստահության մթնոլորտը վերականգնելու համար հանուն խաղաղ բանակցությունների»:

Ավելի քան 2000 մարդ էր հավաքվել Փարիզում Ադրբեջանիր դեսպանատան մոտ` բողոքելու Իլհամ Ալիևի այցի դեմ: Ինչպես գրում է Asbarez-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտությունն ու ԵԱՀԿ ՄԽ աշխատանքները:

Ցուցարարները կոչ են արել ֆրանսիական կառավարությանը անմիջապես բանտ վերադարձնել Հունգարիայից արտահանձնված և ներում ստացած մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացների շրջանակում կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ֆրանսիայի «Հայ Դատի» գրասենյակի գործադիր տնօրեն Հրաչ Վարժաեպտյանը ընդգծել է, որ ցույցին մասնակցել են ֆրանսիական խորհրդարանի որոշ անդամներ և քաղաքական գործիչներ: Ցույցեր են տեղի ունեցել Ֆրանսիայի այլ քաղաքներում ևս:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է: