Հայաստանի 2013-ի պետական բյուջեի նախագծում ընկած են տնտեսական աճի միտումներ, կարծում է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Սակայն, նրա կարծիքով, անհրաժեշտություն կա վերանայել տնտեսական քաղաքականությունը զբաղվածության և միգրացիայի խնդիրները լուծելու համար: «2013-ի պետբյուջեի նախագիծն ընդամենը պահպանողական է և ապահվում է 2012-ի պետբյուջեի շարունակությունը»,- սեպտեմբերի 19-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:
Նա հիշեցրել է, որ 2013-ի պետբյուջեի եկամուտները պլանավորվում է սահմանել 1 տրիլիոն դրամի սահմաններում, ծախսերը` 1,120 տրիլիոն դրամի, դեֆիցիտը` 120 մլրդ դրամի մակարդակում:
Հաշվի առնելով այն, որ 2012-ի պետբյուջեում եկամուտները նախատեսված են 911,6 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1044,1 մլրդ դրամի, իսկ դեֆիցիտը` 132,5 մլրդ դրամի, պետք է նշել, որ նոր պետբյուջեի ցուցանիշներն ավելի բարձր կլինեն:
Սաֆարյանը երկրի տնտեսության ապագան տեսնում է զարգացած արդյունաբերության մեջ: «Այս տարի արդյունաբերության ծավալը սպասվում է 1.060 տրիլիոն դրամի մակարակում անցած տարվա 992 մլրդ դրամ ցուցանիշի փոխարեն»,- ասել է նա:
2013-ին տնտեսական աճի շարժիչ ուժերի շարքում Սաֆարյանը նշել է Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղային ճյուղի կառուցումը, ինչպես նաև «Նաիրիտ» գործարանի գործարկման հնարավորությունը, քանի որ Ռուսաստանի կողմից սպասվում է դրա ֆինանսավորման դրական պատասխան: